ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Սեյրանուհին այս երազանքը տանում է յուրաքանչյուր հայ կնոջ սրտի միջով»

«Սեյրանուհին այս երազանքը տանում է յուրաքանչյուր հայ կնոջ սրտի միջով»
14.04.2017 | 10:34

Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի 7-ին տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԻ «Բազմանկյուն» գրքի շնորհանդեսը։ Գրքում տեղ են գտել պատմվածքներ, իրապատումներ, արվեստաբանական հոդվածներ, վիպակ, հուշեր, հարցազրույցներ, դիմանկարներ:


Բացման խոսքում ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ անդրադարձավ նախ օրվա խորհրդին` Ավետման տոնին: Նրա կարծիքով` խորհրդանշական է, որ գրքի ծնունդը նշում են այն օրը, երբ Մարիամ Աստվածածնին տրվեց առանց տղամարդու հետ շփվելու երկունք ունենալու Ավետիսը. «Այսինքն` երկունքը միայն երեխա երկնելը չէ, երկունքը լինում է նաև այն պարագայում, երբ Սուրբ հոգին է հայտնվում քո մեջ: Այս տոնը երկու խնդություն է ամբողջացնում. մեկը` ամեն կնոջ մեջ Աստվածամորը տեսնելը, մյուսը` կնոջ երկունքը ոչ թե նյութականացած, այլ հոգևոր արժեքի մեջ գնահատելը»: Ինչ վերաբերում է «Բազմանկյուն» գրքին, Կոմիտաս վարդապետի կարծիքով` ընթերցողը նախ պետք է ուշադրություն դարձնի գրքում տեղ գտած հետևյալ տողերին. «Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում ունեցել եմ միայն մեկ սկզբունք` ազնվություն»:


Գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ ինքը գրականագետ չէ, բայց լավ ընթերցող է: Գիրքը կարդալիս ուշադրությունը գրավել է հատկապես «Երազանք» պատմվածքը. «Ինձ թվաց, որ Սեյրանուհին այս երազանքը տանում է յուրաքանչյուր հայ կնոջ սրտի միջով, որ յուրաքանչյուր կին մնում է իր մանկության այն օրվա մեջ, երբ նրա համար կյանքի իմաստը երազի կերպարանք է ստանում»: Ցերեկույթը վարում էր ասմունքող ԳԱՅԱՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆԸ, որը ներկայացրեց «Երազանք» գողտրիկ պատմվածքը:
ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նշեց, որ ամեն մայր ձևավորում է ժողովուրդ. «Ոչ թե մի տուն, ոչ թե մի ընտանիք, այլ ընդհանրական ժողովուրդ` իր զավակներով, իր հոգեբանությամբ, իր նիստուկացով, իր ավանդույթներով: Ավանդույթը գրողները պետք է արտահայտեն նաև գրականության մեջ` ոչ թե շարունակելով ոճերը, որոնք մենք գիտենք, ծանոթ ենք, այլ նոր ոճով հարստացնելով հինը: Սեյրանուհին մանրամասն, հետաքրքիր կերպով փորփրելով իր կյանքը` բերում է դեմքեր, բերում է պատմություններ, որ հետաքրքիր են ընթերցողի համար, նաև ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն: Գիրքը բազմագույն է իր էության պես, որովհետև վաղուց եմ ճանաչում Սեյրանուհուն` համալսարանի միջանցքներից»:


Գրականագետ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ևս համալսարանից է հիշում Սեյրանուհի Գեղամյանին: Նրա բնորոշմամբ` Սեյրանուհի Գեղամյանը կամուրջ է անցյալի ու ապագայի միջև: Գնահատված է որպես գրող, լրագրող, մշակութաբան և իր մեղմ բնավորությամբ, նուրբ հայացքով` կենսական մեծ ճշմարտությունները տեսնում է փոքրի մեջ, մանրուքի մեջ: Հիշատակեց նաև Երվանդ Օտյանին, որն ինչ-որ բան նկարագրելիս, ասում էր` այս մասին կուզեմ բացարձակապես անկեղծ լինել. «Ընդ որում, անկեղծ լինել անգամ այն դեպքում, երբ իր համար այդ հաղորդումը, տեղեկությունը նպաստավոր էլ չէ: Սեյրանուհին էլ է այդպես` բացարձակ անկեղծ: Սա արվեստի բարձրագույն չափանիշ է»:


Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ ՍԻԼՎԱ ԱՉՈՅԱՆԻ խոսքով` համալսարանական տարիներին գրեթե բոլորն էին հիացած Սեյրանուհի Գեղամյանով. «Քնքշանքով էր լցնում բոլորին, մի տեսակ ռոմանտիկ շղարշով էր համալսարանում, ու հետագայում այդպես էլ կրեցի նրան իմ մեջ` բերեցի մինչև խոր տարիք: Քիչ ենք հանդիպել այդ ընթացքում, բայց երբեք չի մշուշվել նրա պատկերը` միշտ խոհական, միշտ նուրբ, միշտ սիրված: Նրա գրքերը անպատճառ իմ դասերի ժամանակ օգտագործում էի, երեխաներին սովորեցնում էի գրքի այն հատվածները, որոնք ազգային արժանապատվության, ինքնության, մեր ժողովրդի հերոսական ներկայի ու անցյալի դրվագներ են պատկերում: Ինձ համար Սեյրանուհու գրքերը դարձել էին դասագիրք»:


Խոսք ասաց գրողի դուստրը` ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նվիրելով բարեմաղթանքներ, երախտագիտության խոսքեր և ծաղիկներ: Սեյրանուհի Գեղամյանն ի լրումն հիշեց իր մայրիկին, ասաց նաև. «Երանի բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն այսօր իրենց մայրիկներին ծաղիկներ նվիրելու»:


Գայանե Սամվելյանը ներկայացրեց նաև Սեյրանուհի Գեղամյանի բանաստեղծություններից մեկը, հարցնելով, թե ինչո՞ւ չի ներկայացել այդ ժանրում, երբ պոեզիա կա նրա հոդվածներում, հարցազրույցներում, երբ այդքան պոետիկ է: Սեյրանուհի Գեղամյանը նախ ասաց, որ ներկայացված բանաստեղծությունը նվիրված է ամուսնուն. «Իհարկե, երախտապարտ եմ, որ Աստված տվել է որոշակի շնորհք` և՛ արձակ գրելու, և՛ բանաստեղծորեն արտահայտելու իմ զգացմունքները, բայց, անկեղծ ասած, միշտ բավարարված եմ զգացել ուրիշների մասին, հայ ստեղծագործողների մասին գրելով: Երևի իմ կոչումը դա է»:


Խոսք ասացին նաև գրող, գրականագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը և այլք:
Երաժշտական մասը ապահովեցին Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (հայտնի նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի որդին) և Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի սաները (տնօրեն` Նորա Սարգսյան):


Սեյրանուհի Գեղամյանը 12 գրքի հեղինակ է, ավելի քան 20 ժողովածուների և պատկերագրքերի առաջաբանների հեղինակ, 40-ից ավելի ժողովածուների կազմողն ու խմբագիրը: Գրական և մշակութային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, բազմաթիվ այլ մեդալներով, պատվոգրերով, հավաստագրերով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ